Բալթիկ ծովեզերքը Գերմանիայում բավականին տաղտուկ է, եթե լողասեզոնը չէ: Ձկնորսական Ֆրեստ գյուղակում ափին են զարկվում նավակները: Միայնակ ձկնորսը վառ դեղին արտահագուստով քերում է նավակի հատակը՝ մաքրելով ձկան թեփուկների հետքերը: Այստեղից Բեռլինը թվում է բոլորովին այլ չափման մեջ: Նավահանգստի ծխահարման ֆաբրիկայի աշխատակցուհի Ինեսը, կոկիկ շարած շպրոտներով երկար մետաղաձողերը տեղադրելով, ասում է, որ իր կարծիքով՝ Անգելա Մերկելի կառավարությունն իր մասին ընդհանրապես մոռացել է: «Նրանք այնտեղ մտածում են միայն մեծ քաղաքների մասին,- ասում է նա:- Իսկ փոքր բնակավայրերի հետ գործ չունեն: Մեզ համար ոչինչ չեն անում»: Այստեղ դժվար է բարեկեցիկ կյանք ստեղծել, հատկապես՝ ձմռանը: Ծխահարման ֆաբրիկայի աշխատողները վախենում են գործազրկությունից: Այստեղ հարուստ չեն ապրում, և շատերն են զգում, որ քաղաքականության մեջ փոփոխությունների ժամանակն է՝ հենց դա է բարերար հողը «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) հակաիսլամական աջ կուսակցության գաղափարների համար: Ազգային հեռուստատեսության հերթական հարցումը ցույց տվեց, որ եթե համընդհանուր ընտրությունները անցկացվեն վաղը, ԱԳՀ-ին ձայն կտա ընտրողների 15 %-ը:
Աշնանը ԱԳՀ-ն լիովին կարող է դժվարացնել կոալիցիայի ստեղծումը: Այսօր Անգելա Մերկելի ՔԴԿ-ն դեռ գլխավորում է սոցհարցումները՝ հավաքելով 37 % ձայն, բայց կոալիցիոն գործընկեր ԳՍԴԿ-ն ընդամենը 20 % է ստանում:
Ռոլանդը ծխահարման է բերում լպրծուն, արծաթափայլ ձկների հերթական քանակը: Նա հանում է իր բրդե գլխարկն ու ասում, որ ձայնը տալու է ԱԳՀ-ին: «Մնացած կուսակցությունները խուսափում են ռեալ պրոբլեմներից,- բացատրում է նա:- Մերկելը համառում է իր հայացքներում, չնայած ինքն էլ տեսնում է՝ ինչի մեջ է ներքաշել երկիրը՝ ահաբեկչություններ և այլն: Եթե նա մեր երկիր չբերեր այս մարդկանց, Բեռլինի Սուրբ ծննդյան տոնավաճառի զոհերը ողջ կլինեին»:
Ֆրեստը Մեկլենբուրգ-Պոմերանիա հյուսիսային երկրամասում է, որտեղ կանցլեր Մերկելի ընտրատեղամասն է: Անցած տարի ԱԳՀ-ն տեղական ընտրություններում նրա պահպանողական կուսակցությունը մղեց երրորդ տեղ, իսկ հիմա ուզում է ամրացնել ՔԴԿ-ի առանց այդ էլ ստորացուցիչ արդյունքը՝ իբրև այլընտրանք Մերկելին՝ առաջադրելով իր թեկնածուին՝ Լեյֆ-Էրիկ Հոլմին:
Վայելուչ հագնված նախկին ռադիոհաղորդավար Հոլմը կարծում է, որ եվրոպացի մուսուլմանների մեծամասնությունն արմատական հայացքներ ունի, և հազիվ թե նա կանցլեր դառնա: Բայց իրադարձությունների այդ շրջադարձը իսպառ բացառված չէ: «Մենք լուրջ պրոբլեմ ունենք արմատական իսլամի հետ և պետք է այդ մասին խոսենք, իսկ Գերմանիայում այդ թեմայի վրա տաբու է դրված,- ասում է նա:- ԱԳՀ-ն խախտեց այդ տաբուն և մարդիկ, փառք Աստծո, հիմա բարձրաձայն խոսում են իրենց վախերի մասին: Տեսեք՝ ովքեր են ահաբեկչություններ անում Եվրոպայում՝ բոլորն իսլամիստ էքստրեմիստներ են»:
ԱԳՀ-ն ի սկզբանե եվրասկեպտիկների կուսակցություն էր, որ կտրուկ թափ հավաքեց փախստականների ճգնաժամի ժամանակ՝ որքան ավելի ԱԳՀ-ի ղեկավարները ակտիվորեն ելույթ էին ունենում Մերկելի վարած բաց դռների քաղաքականության դեմ: Սակայն Հոլմը համաձայն չէ, որ ԱԳՀ-ի օրակարգում միայն մեկ հարց է և կուսակցությունը քաղաքական դիվիդենդներ է աշխատում բացառապես ներգաղթյալ մուսուլմաններից սարսափը շահարկելով: «Տեղական ընտրությունների ժամանակ մենք խոսում էինք մարդկանց հետ փոքր քաղաքներում ու հասկացանք, որ վախն ամենակարևոր թեման է: Մենք վախի մթնոլորտ չենք ստեղծում, մենք խոսում ենք ամենօրյա վախի մասին, որ ապրում են մարդիկ ահաբեկչության, չվերահսկվող ներգաղթի մասին մտածելիս»՝ բացատրում է Հոլմը:
«Վախի հետ մենք վարվում ենք իբրև քաղաքական գործիչներ: Մենք քաղաքականությունը դարձնում ենք ժողովրդական»՝ ասում է նա: ԱԳՀ-ի հակաեվրոպական հռետորաբանությունը ևս բարձրաձայն է հնչում՝ նրանք ցանկանում են կրկնել հաջողությունը, որ եվրոպական ինստիտուտների նկատմամբ անվստահության ալիքի վրա ստացան եվրոպական ուլտրաաջ մեծ կուսակցությունները: Վերջերս ԱԳՀ-ն Կոբլենցում ուլտրաաջերի համագումար անցկացրեց ՝ քննարկելով ընդհանուր քաղաքական պլատֆորմը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենի և Գերտ Վիլդերսի հետ, ում Ազատության կուսակցությունը գլխավորում է սոցհարցումները Նիդերլանդներում ընտրություններից առաջ: Եվ Մարին լը Պենը, և Գերտ Վիլդերսը իրենց ընտրողներին հաղթանակի դեպքում խոստանում են ԵՄ-ում անդամության հարցով հանրաքվե, և հիմա ԱԳՀ-ի հռչակագրում նույնպես Գերմանիան ԵՄ-ից դուրս բերելու խոստում է գրանցված, եթե միացյալ Եվրոպայում կառուցվածքային փոփոխություններ չլինեն: Այդ համագումարի ժամանակ (որին թույլ չտվեցին մասնակցել գերմանական հիմնական ԶԼՄ-ների լրագրողներին) ԱԳՀ-ի նախագահ Ֆրաուկե Պետրին ԵՄ-ն համեմատեց նացիստական Գերմանիայի կամ ԽՍՀՄ-ի հետ և Լը Պենի ու Վիլդերսի հետ Եվրոպայում հեղափոխության կոչ արեց: Դա համերաշխության ցուցադրում էր, եվրոպական աջերի միասնության: Թևավորված բրեկզիտից և Դոնալդ Թրամփի հաղթանակից՝ ուլտրաաջերը ցանկանում են ջանքերը կենտրոնացնել երեք հիմնական կետերում, որ միավորում է իրենց մեկ պլատֆորմում՝ իսլամի խորքային մերժում, արգահատանք Մերկելի փախստականների ընդունման քաղաքականության նկատմամբ և արգահատանք ԵՄ-ի նկատմամբ:
Նրանք հավատում են, որ 2017-ը իրենց տարին է: Դժվար է ասել՝ ստեղծում, արտացոլում թե շահարկում են նրանք գոյություն ունեցող սոցիալական շերտավորումը, սակայն վերջերս Գերմանիայում անցկացված մեկ սոցհարցում բացահայտում է, թե ինչը կարող է ԱԳՀ-ի կողմնակիցների համար հիմնավորում դառնալ: Հարցումը ցույց է տվել, որ չնայած Բեռլինի դեկտեմբերյան ահաբեկչությանը, հարցվածների 73 %-ը հայտարարել է, որ Գերմանիայում իրենց անվտանգ են զգում: ԱԳՀ-ի կողմնակիցների մեջ՝ ընդամենը 34 %-ը: Երբ մարդկանց հարցրել են, իրենց կյանքը լավ կամ վատ է դարձել 50 տարի առաջվա համեմատ, 17 %-ն ասել է՝ վատ, ԱԳՀ-ականներից՝ 40 %-ը:
2017-ին իրական նախընտրական մարտերը Եվրոպայում ծավալվելու են Ֆրեստի պես տարածքներում, որտեղ մարդիկ զգում են, որ իշխանությունները մայրաքաղաքում մոռացել են իրենց, իսկ մեյնստրիմային կուսակցություններն իրենց հետ գործ չունեն: Եթե Եվրոպայի ղեկավարներն ուզում են կասեցնել աջ տրամադրությունների աճը, պետք է վերականգնեն կապը իրենց ընտրողների հետ ու վերահաստատեն վստահությունը: Կոնկրետ նրանք, որ հյուսիսային ափեզրի այս քամոտ նավահանգստում զգում են իրենց դռնից դուրս մնացած, ավելի են ձգտում դեպի համընդհանուր ջերմությունը, որ եվրոպացի աջ ուժերն արդեն, գուցե վաղաժամ, անվանում են «հայրենասիրական գարուն»:
Ջենի ՀԻԼ, BBC
Հ.Գ. Որևէ մեկն ուսումնասիրե՞լ է՝ որո՞նք են հայ ընտրողի վախերը: Սոցիալական վիճա՞կը, գործազրկությո՞ւնը, արտագաղթյալ դառնա՞լը, պատերազմի վերսկսո՞ւմը, անկախության կորո՞ւստը, հեռանկար չունենա՞լը, վստահության պակա՞սը: Ի՞նչ է ուզում այսօր միջին վիճակագրական հայը իշխանությունից: Ընտրություններում հաղթելու համար ինչի՞ վրա պետք է քաղաքական ուժերը շեշտադրումներ անեն, ի՞նչը պիտի լինի նրանց ծրագրերի հիմքում, ի՞նչն է ջերմացնում մեծ ու փոքր բնակավայրերում քաղաքական մեյնստրիմից դուրս մնացածներին, ի՞նչն են նրանք համարում հայրենասիրական գարուն: Ընդունեք, որ այս հարցերն ավելի կարևոր են, քան ընթացիկ քննարկումները՝ ո՞վ ի՞նչ ասեց, ո՞վ ցուցակում ո՞ր տեղի համար է պայքարում, ո՞վ որտեղից է դուրս գալիս, ո՞վ ում է ուզում միանալ: ՈՒ ընդհանրապես այդ համընդհանուր միավորումը մեծագույն ախմախությունն է, որին խիզախում է հայ քաղաքական միտքը՝ մի կաթսայում հավաքելով միմյանց հետ չեփվող մթերքները: Ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է, ու երկրորդ քայլով նրանք բաժանվելու են՝ սկիզբ դնելով քաղաքական ճգնաժամի հաղթանակի դեպքում, վարկաբեկելով իրենց միավորման գաղափարը՝ պարտության դեպքում: Քաղաքականության մեջ արհեստական ամեն ինչ ձախողման է դատապարտված: ՈՒ ի՞նչ՝ երբ իշխանությունն ավարտի զտումներն իր ներսում, ընդդիմությունն՝ իր, ի՞նչ պատկեր են նրանք պարզելու ընտրողին: Վստահ եղեք, որ թվացյալ խայտաբղետության մեջ ամեն ինչ շատ հստակ է լինելու՝ իշխանություն, իշխանության ձգտողներ, որ ոչինչ չեն փոխելու, և ընդդիմադիրներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ